Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը դուրս չեն գա Լիբանանի հարավից, Սիրիայից և Գազայից:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վարում ենք հստակ քաղաքականություն, ըստ որի Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում՝ առանց որևէ ժամկետի սահմանափակման՝ պաշտպանելու սահմանները և իսրայելական համայնքները ջիհադիստական տարրերից»,- ասել է Կացը։
Նրա խոսքով՝ անվտանգության գոտիները «կմաքրվեն տեղական բնակչությունից, իսկ բոլոր ահաբեկչական ենթակառուցվածքները, այդ թվում՝ սահմանային գյուղերի տները, որոնք ծառայել են որպես ահաբեկչական հենակետեր, կքանդվեն։
Նա հավելել է՝ Իսրայելը դեմ է զորքերի դուրսբերմանը Լիբանանից՝ չնայած առկա ճնշումներին, և այդ դիրքորոշումը հստակ ներկայացվել է ԱՄՆ նախագահին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Կացը նախազգուշացրել է՝ եթե Իրանը Լիբանանում իրադարձությունների պատճառով հարձակվի Իսրայելի վրա, ապա իրենք կպատասխանեն ամբողջ ուժով։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն իր հերթին հայտարարել է՝ Իրանի հետ ԱՄՆ-ի հաստատած համաձայնությունը որևէ կերպ չի կարող պարտադրող լինել իսրայելական կողմի համար։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: