Խորհրդարանում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին այսօր լրագրողներից մեկը հարց ուղղեց ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից շրջանառվող հայտարարության մասին, թե, իբրև ՔՊ-ն զրո ձայն է ստացել Մեղրաձոր գյուղում, այնինչ գրվել է ավելի քան 700 ձայն: Հարցին՝ ի՞նչ նպատակով է դա արվում, նախարարը պատասխանեց՝ տպավորություն ստեղծելու, որ իշխանությունը ընտրությունների կազմակերպման մասով նման է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, այսինքն՝ ընտրակեղծարար իշխանություն է:
«Բնականաբար, հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին: Իրենք շեմային վիճակում են գտնվում, և որոշակի քվեների տեղաշարժը կարող է արդյունք ապահովել իրենց համար: Ես էլ լինեի իրենց տեղը, վերահաշվարկի համար կդիմեի: Վերահաշվարկը կարվի, կհասկանանք՝ վերահաշվարկի արդյունքում փոխվո՞ւմ է պատկերը, թե՞ չէ, բայց պիտի ասեմ, որ մինչև այս պահը տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատն ավելացել են ՔՊ կուսակցության քվեները»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն այս ընտրություններում ձախողվել է:
«Իրենց ակնկալիքը ո՞րն էր. բաժանել հնարավորինս մեծ թվով ընտրակաշառք, ապահովել այլ երկրներից հնարավոր մեծ թվով մարդկանց մասնակցություն, ինչի ականատեսը եղանք վերջին շաբաթների ընթացքում»,- նշեց Խուդաթյանը՝ ընդգծելով՝ նրանց այդ փորձերը ձախողվել են, մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել:
«Նաև հասկանալի է, որ ընտրակաշառքի ազդեցությունն է մեծ եղել, բայց նույնիսկ ընտրակաշառքով էլ ընդդիմությունն այնքան ապաշնորհ է, որ չի կարողացել իր համար բաղձալի հաղթանակ ունենալ, ինչը մեզ համար խիստ կանխատեսելի էր, որովհետև հնարավոր չէ հրապարակում ունենալ 10 հազար մարդ, հետո հայտարարել՝ ունեն 80 հազարը: Հիմա ընդդիմությունը հետևյալն է անում՝ փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա, բայց դա էլ չի ստացվելու իրենց մոտ, որովհետև ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն՝ ում են քվեարկել, գիտեն՝ մոտավորապես իրավիճակը ոնց է»,- խոսքը եզրափակեց Խուդաթյանը: