Մենք ինտենսիվ աշխատում ենք «Գազպրոմի» մեր գործընկերների հետ: Այս պահին նոր բան չկա՝ մենք գազն ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, ստանում ենք այն սակագնով, որը գոյություն է ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով գազի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին:
«Այդ սակագինը սահմանված է պայմանագրերով, այդ պայմանագրերը դեռևս ժամկետի մեջ են: Պայմանագրերը մինչև տարեվերջ և 2027 թվականի տարեսկիզբ դեռևս ժամկետի մեջ են գտնվում»,- հայտնեց Խուդաթյանը՝ նշելով, որ այդ մասով նոր զարգացումներ չկան:
Լրագրողների դիտարկմանը ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է գազի գինը թանկանա, ասաց՝ այս պահին ունենք այն իրավիճակը, որի մասին ասել է:
«Իմ տպավորությամբ՝ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցողը, իսկ գետնի վրա մենք բնականոն հունով գազամատակարարում ենք ստանում: Սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է մամուլում շուրջ 1 ամիս առաջ: Մեր գործընկեր նախարարության միջոցով ենք ստացել գրություն այդ բովանդակությամբ, բայց նորից պետք է ասեմ՝ մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում՝ սակագնի ավելացման մասով: Թույլ տվեք շատ փակագծեր չբացել»,- ասաց նախարարը:
Ճշտող հարցին՝ կարո՞ղ է այնպես ստացվել, որ եվրոպական գներ սահմանվեն Հայաստանի համար, Խուդաթյանը պատասխանեց՝ չի կարող ասել՝ ինչ կստացվի, կարող է ասել՝ քաղաքացիները այս պահին այդ առումով մտահոգվելու առիթ չունեն:
Դիտարկմանը, թե արդյոք ՌԴ-ն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը, ՏԿԵ նախարարը նկատեց՝ պայմանագրի խզման համար հիմքեր են անհրաժեշտ:
«Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազը այն սակագնով, որով ստացել ենք, գազն ստանում ենք այն գրաֆիկով, որն ստանում ենք, գործընկերների հետ աշխատանքային հարաբերություններում ոչինչ չի փոխվել»,- ասաց նախարարը: