Ես բացառում եմ, որ քաղաքական մեծամասնությունը՝ կառավարող ուժը, ընտրակեղծիքների և ընտրախախտումների մեջ ներգրավված լինի։ Հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես բացառում եմ դա, որովհետև ես եմ կառավարության և քաղաքական ուժի ղեկավարը և ես գիտեմ, թե ինչ հանձնարարականներ ենք տվել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության քաղաքական դիրքորոշումները։ Այնպես որ, կարծում եմ՝ աներկբա է. մնացածը մեր իրավապահ մարմինները կհետաքննեն, և ինչ փաստեր կան, այդ փաստերին կարժանանան գնահատականի։
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են ազատ կամարտահայտման հնարավորություն, և եթե ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտվել է, դա խախտվել է պատերազմի եռագլուխ կուսակցության բաժանած ընտրակաշառքների ձևով։ Եվ բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում. սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է։
Նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել և նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ ազատության մեջ պետք է չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում է՝ մենք պրոբլեմ ունենք դատաիրավական համակարգի հետ, և մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով։ Նախորդող շրջանում ընտրակաշառատուների նկատմամբ այն հանդուրժողական վերաբերմունքը, որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը, և մենք այդ պատասխանի հետևից գնալու ենք»,-ասաց նա։