ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային օգնություն տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Ուրբաթ՝ հունիսի 5-ին կայացած քվեարկության ժամանակ այն պաշտպանել է Ներկայացուցիչների պալատի 226 անդամ, դեմ են քվեարկել 195-ը։ Կողմ քվեարկողների թվում է եղել 207 դեմոկրատ, 18 հանրապետական և մեկ անկախ կոնգրեսական։
Նախաձեռնությունը ներկայացվել է ապրիլին և նախատեսում է հատուկ հիմնադրամ ստեղծել Ուկրաինայի վերակառուցման համար։ Այն նաև երկարաձգում է ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ վարկային կամ վարձակալության մեխանիզմներով պաշտպանական միջոցներ փոխանցել Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին։ Օրինագծի համաձայն՝ Պենտագոնը լիազորված կլինի հետախուզական աջակցություն ցուցաբերելու Ուկրաինային մինչև 2027 թվականի վերջը։ Իր հերթին, Պետքարտուղարությունը պարտավորվում է ամրապնդել Բալթյան երկրների զինված ուժերի և սահմանապահ կառույցների կարողությունները։
Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար դեռևս անհրաժեշտ է Սենատի հաստատումը։ Այնտեղ փաստաթղթի ճակատագիրը կախված կլինի երկու կուսակցության միջև ուժերի հավասարակշռությունից. հանրապետականների մի մասը հանդես է գալիս արտաքին օգնության ծավալների կրճատման օգտին։
Ինչպես նշում է Reuters-ը, նույնիսկ եթե օրինագիծը հաստատվի Կոնգրեսի վերին պալատում, Դոնալդ Թրամփը կարող է վետո կիրառել դրա հանդեպ։ 2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո նրա վարչակազմը զգալիորեն դանդաղեցրել է Ուկրաինային օգնության տրամադրումը։ Նախագահը նաև բազմիցս ընդգծել է, որ մտադիր է պահպանել պատժամիջոցների վերաբերյալ որոշումների նկատմամբ վերահսկողությունը՝ այդ լիազորությունները չփոխանցելով Կոնգրեսին։