Մայիսի 29-ին Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (
UNHCR Armenia) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով համագործակցությունը ապաստանի համակարգի զարգացման, փախստականների պաշտպանության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Ստորագրված փաստաթուղթն արտացոլում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի շարունակական հանձնառությունը՝ ուղղված ոլորտի լիազոր մարմնի կարողությունների զարգացմանը և դիմակայուն համակարգերի ամրապնդմանը։
Գործընկերությունը միտված է ինստիտուցիոնալ լուծումների բազմազանությանը, ապաստան հայցողների և փախստականների պաշտպանության ամրապնդմանը և ոլորտի գործիքակազմերի և մեխանիզմների զարգացմանը, ինչպես նաև շահառու խմբերի ներկայացուցիչների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը համահունչ որակյալ ընթացակարգեր՝ ապաստանի տրամադրման ոլորտում, արժանապատիվ ընդունելության կարողություններ և անհրաժեշտ աջակցության հասանելիություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին վերահաստատել են միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց ուղղությամբ համագործակցության շարունակական հանձնառությունը։