ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Դիլիջանում գործող «Գրին ռոք» ընկերություն և ծանոթացել վերջինիս կողմից իրականացվող ծրագրերին: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Գրին ռոք» հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նախատեսվող ներդրումները կրթության և մշակույթի ոլորտներում։ Հիմնադրամի փոխտնօրեն Ֆելիքս Դիլանյանը ներկայացրել է Դիլիջանում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրի նախագիծը՝ կարևորելով իրականացվող ծրագրերի ազդեցությունը Դիլիջանի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի զարգացման վրա։
Քննարկվել են համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ «Apicius Armenia» միջազգային հյուրընկալության դպրոցի հետ, որը ստեղծվել է «Գրին ռոք» հիմնադրամի և «Apicius Florence» միջազգային հյուրընկալության դպրոցի համագործակցությամբ: Շուտով կբացվի «Գրին ռոքի» բազմաֆունկցիոնալ համալիրում ներառված կացարանային հատվածը (PPLS rooms քոլիվինգ), որտեղ կբնակվեն նաև Apicius Armenia-ի ուսանողները։ PPLS rooms-ի հարևանությամբ այժմ կառուցվում է ժամանակակից միջազգային չափանիշներով գործող խոհարարական դպրոցի նոր մասնաշենքը։ Ժաննա Անդրեասյանն ու Արաքսիա Սվաջյանը ծանոթացել են շինարարության ընթացիկ աշխատանքներին:
Ժամանակակից և հարմարավետ ուսուցման միջավայրի չափանիշներով նախագծված շինությունը կունենա մասնագիտական ուսուցման խոհանոցներ, դասասենյակներ, ինչպես նաև արտադրական տարածքներ։ Դպրոցն առաջարկելու է ակադեմիական ծրագրեր, մասնագիտական վերապատրաստման առաջադեմ դասընթացներ և խոհարարական վարպետության դասեր՝ նախատեսված ուսանողների, մասնագետների և նույնիսկ զբոսաշրջիկների համար։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետական քոլեջների հետ համագործակցության, փորձի տեղայնացման հնարավորությունները, ինչպես նաև դրանք տարբեր ուղղություններով ընդլայնելու հեռանկարները։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են նաև «Գրին ռոքի» բազմաֆունկցիոնալ համալիրի տարածքում կառուցվող նախագծերի շինհրապարակներում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Դիլիջան կատարած այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Աղասի Խանջյանի ամառանոց։ Քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցությամբ պատմական շինության ամրակայմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր՝ շեշտելով հուշարձանների վերականգնման կանոնակարգերի պահպանման կարևորությունը: