Հունիսի 2-ին Մադրիդում անցկացվող Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա փոխգործակցությունը և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» բարեփոխումների շրջանակներում ընթացող գործընթացների վերաբերյալ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագրի միջպետական համաձայնագրի նախաստորագրումը՝ ընդգծելով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը:
.jpg)
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ընթացիկ աշխատանքներին: Ընդգծվել է Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը` կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների պատշաճ հասցեագրման համար։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ռազմավարական օրակարգին՝ կարևորելով դրա հետևողական առաջմղումը: