2026 թ. Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) գործառնական հատվածի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթներով՝ Գլխավոր քարտուղարի հետ Քառամյա քաղաքականության համապարփակ վերանայման (QCPR) իրականացման վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսությանը, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Մշտական համակարգողների (RC) համակարգի վերաբերյալ երկխոսության ընթացքում։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է ուժեղ, պատշաճ ֆինանսավորվող և արձագանքող ՄԱԿ զարգացման համակարգի կարևորությունը, որը կկարողանա աջակցել երկրներին՝ դիմակայելու գնալով ավելի բարդ և փոխկապակցված մարտահրավերներին։ Նա կարևորել է Մշտական համակարգողների առանցքային դերը՝ ՄԱԿ ազգային գրասենյակների միջև համակարգվածության, համահունչության և արդյունավետության ամրապնդման գործում՝ միաժամանակ շեշտադրելով ինչպես ՄԱԿ զարգացման համակարգի, այնպես էլ Մշտական համակարգողների համակարգի համար համարժեք, կանխատեսելի և կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը։
Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ UN80 նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումները պետք է կենտրոնանան ազգային մակարդակով սահմանված առաջնահերթություններին աջակցության ամրապնդման և երկրների, մասնավորապես կառուցվածքային խոցելիություններ ունեցող և հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առանձնահատուկ կարիքներին արձագանքելու վրա՝ արագացնելու 2030 օրակարգի նպատակների իրականացման առաջընթացը։