Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 1-ին գումարեց հերթական նիստը։ ՀՌՀ-ից տեղեկացնում են, որ օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
-
«Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ.
-
«Շանթ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 15 վարչական վարույթի եզրափակիչ փուլ).
-
«Իմպուլս» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթի եզրափակիչ փուլ).
-
«Ֆասթ մեդիա» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 17 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Մայիսի 8-ի և 9-ի «Շանթ» տեսալսողական ծրագրի տեսագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված «Հեռանկար բանավեճ»՝ հետնապատկերին «ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2026» գրությամբ», տեսալսողական հաղորդումը, որի հյուրերը եղել են ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակներով պատգամավորի թեկնածուներ, ընդմիջվել է առևտրային գովազդով։
Նմանատիպ խախտում է արձանագրվել նաև «Իմպուլս» ՍՊԸ-ի «Գործարար ալիք ԷֆԷմ 106.5» լսողական ծրագրի մայիսի 12-ի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում։ «Թարմ ուղեղով» հաղորդումը, որի հյուրը եղել է ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, նույնպես ընդմիջվել է առևտրային գովազդով։
Հանձնաժողովը որոշեց վերոնշյալ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժեր՝ գրավոր նախազգուշացումներ:
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «Ֆասթ մեդիա» ՍՊԸ գործողությունների արդյունքում հայտնաբերել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, այն է՝ ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անվճար րոպեներից օգտվելու իրավունքի իրացումը սահմանափակելը։
Հանձնաժողովն արձանագրել է, որ Հեռարձակողի կողմից ներկայացված այն պատճառաբանությունը, թե հեռուստաալիքը հանդիսանում է բացառապես սպորտային ուղղվածության և ձգտում է պահպանել քաղաքական չեզոքություն, չի կարող դիտվել որպես ընտրական օրենսդրությամբ սահմանված պարտականությունների չկատարման իրավաչափ հիմք։
Հանձնաժողովը որոշեց «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։