«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնի հիմնանորոգման և վերականգնման նպատակով Կառավարությունն առաջին փուլով 242 մլն դրամ կհատկացնի: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ ԿԳՄՍՆ 2026 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում:
Երգեհոնի ապամոնտաժումը և պահեստավորումը կիրականացվեն 2026 թվականի հուլիս-օգոստոս, տեխնիկական վերատեղադրումը՝ 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ 2027 թվականի ամռանը նախատեսվում է երգեհոնի ընդհանուր կարգաբերումը, վերականգնման աշխատանքների ավարտը՝ 2027 թվականի աշնանը։
Ավստրիական հեղինակավոր «Ռիգեր-Օրգելբաու» ԳՄԲՀ ընկերության կողմից ներկայացված երգեհոնի վերանորոգման աշխատանքների նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 588 մլն 400 հազար դրամ: Ֆինանսավորումը կտրվի փուլային եղանակով. հետագա միջոցների հատկացումը նախատեսված է 2027-2029 թվականների ԿԳՄՍՆ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում։