Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ և չի լինելու: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
Փաշինյանը հիշեցրեց նախկինում պատմած մի դեպք, երբ պաշտոնական բանակցություններից մեկի ժամանակ ասվել է, թե ԵՄ-ՀՀ հարաբերությունները վնաս են հասցնում ՌԴ շահերին, ՀՀ վարչապետն էլ խնդրել է մեկ օրինակ բերել, բայց օրինակ չի ներկայացվել, որովհետև, ըստ Փաշինյանի, չկա նման օրինակ:
«Ասվում է, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներե՛ք, բայց ինչո՞ւ չպետք է գար Հայաստան: Ինչո՞ւ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում Ռուսաստան, կամ Ռուսաստանի նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան: Եղե՞լ է դեպք, որ մենք ասենք՝ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան, կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան»,- ասաց նա:
Անդրադառնալով Ուկրաինայի հակամարտության մասով Հայաստանի դիրքորոշմանը՝ Փաշինյանն ասաց. «Ես դեռ 2022-ին ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում (այն ժամանակ ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր), ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Շատ պարզ տրամաբանություն է: Ինչո՞ւ պիտի Ուկրաինայի նախագահը չգար Հայաստան, ի՞նչն է խնդիրը»: