«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» նախատեսվում են փոփոխություններ, որոնք էապես կթեթևացնեն քաղաքացիների և տնտեսվարողների համար ընդերքօգտագործման հետ կապված վարչական և ֆինանսական բեռը: Նախագիծը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիտին ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
Փոխնախարարի խոսքով՝ գործող օրենսդրությամբ՝ անգամ փոքրածավալ, ոչ արդյունաբերական նպատակներով հանածոների արդյունահանումը պահանջում է ընդերքօգտագործման իրավունքի ձևավորում, ինչը փոքր նախագծերի համար ծախսատար է և հաճախ տնտեսապես անարդյունավետ: Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ սեփական հողամասերի սահմաններում իրականացնել ոչ մետաղական հանածոների արդյունահանում առանց հատուկ իրավունքի ձևավորման՝ հետևալ պայմաններով.
տնտեսական և կենցաղային նպատակներ. սեփական տնտեսական կարիքների բավարարման համար՝ մինչև 2 մետր խորությամբ, իսկ ստորգետնյա կառույցների շինարարության դեպքում՝ մինչև 5 մետր խորությամբ:
փոքրածավալ ձեռնարկատիրություն. շահույթ հետապնդող գործունեության դեպքում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով:
շինարարական հանույթի տնօրինում. բազմաբնակարան շենքերի և հասարակական շինությունների կառուցման ժամանակ հիմքերի փորման արդյունքում առաջացած հանույթը (հող կամ քար) կառուցապատողներին կթույլատրվի տնօրինել ազատորեն՝ նախագծային փաստաթղթերով սահմանված խորության շրջանակներում:
Ըստ Ասատուր Վարդանյանի՝ փոփոխությունները միտված են աջակցելու համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ գործունեությանը, որոնք ունեն սոցիալական և տնտեսական նշանակություն: Օրենսդրական նախաձեռնությունը նաև կլուծի կառուցապատման ոլորտում առկա իրավական այն բացը, որը մինչ այժմ խոչընդոտում էր կառուցապատողներին արդյունավետորեն տնօրինել շինարարության ժամանակ առաջացող հողային զանգվածը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկները և կխթանի տեղական տնտեսական ակտիվությունը՝ պահպանելով ընդերքի պաշտպանության անհրաժեշտ չափանիշները:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: