Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում ռուսական նավթից արտադրված դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի ներմուծման լիցենզիա է տրամադրել: Այս մասին մայիսի 19-ին հայտնել է երկրի կառավարության կայքը։ Փաստաթուղթը թույլ կտա ներմուծել ռուսական ծագման նավթամթերք՝ շրջանցելով գործող պատժամիջոցները։
Մեծ Բրիտանիայի կառավարության լիցենզիան ուժի մեջ կմտնի մայիսի 20-ից: Այն չունի վավերականության ժամկետ, սակայն պարբերաբար կվերանայվի։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Իրանի պատերազմի պատճառով Մեծ Բրիտանիայում վառելիքի գնի աճը մեծացրել է ճնշումը կառավարության վրա, որը փորձում է լուծել կյանքի բարձր գնի և էներգառեսուրսների հասանելիության խնդիրը:
Բրիտանիայի իշխանությունների որոշումը հաջորդել է Միացյալ Նահանգների համանման որոշմանը, ըստ որի մայիսի 18-ին երկարաձգվել է ռուսական ծագում ունեցող նավթի ու նավթամթերքի ծովային փոխադրումների և վաճառքի լիցենզիան՝ շրջանցելով պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշել է, որ ժամանակավոր լիցենզիան նախատեսված է աջակցելու առավել խոցելի երկրներին, որոնք տուժել են մատակարարումների խափանումներից՝ Իրանում պատերազմի պատճառով:
Բացի այդ, Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (LNG) ծովային փոխադրման լիցենզիա է տրամադրել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:
Մեծ Բրիտանիան ռուսական նավթի և ածխի ներմուծումն արգելել էր դեռևս 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։ 2025 թվականի հոկտեմբերին էլ, Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ լայնածավալ պատժամիջոցների փաթեթի հետ մեկտեղ, Լոնդոնը հայտարարել էր երրորդ երկրներում ռուսական նավթից արտադրված նավթամթերքի ներմուծման արգելքի մասին։