ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՔՀ-ի շրջանակում ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառումներին, նկատեց, որ դրանով Հայաստանն ու ԵՄ-ն համագործակցության և փոխկապակցվածության առումով գործընկերության նոր մակարդակի են հասնում:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց՝ Հայաստանը Եվրոպայի հետ ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով:
«Նախկինում պատերազմի աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դա փոխվում է՝ շնորհիվ ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության ավելի մեծ ինտեգրման եվրոպական ցանցերի մեջ: Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների, մանավանդ կրիտիկական հումքի տեսանկյունից:
Եվրոպան պատրաստ է օժանդակել ֆիզիկական ենթակառուցվածքով, որովհետև այդ ապրանքները և հումքը պետք է տեղափոխել: Մենք պատրաստ ենք օժանդակել Սև ծովի միջոցով տեղական էներգետիկ արտադրության և էներգետիկ կապերի տեսանկյունից, նաև ձեր ծաղկող և փթթող թվանշային ասպարեզն ինտեգրելու եվրոպական թվանշային ասպարեզի մեջ հետագա աճի և զարգացման համար:
Ուկրաինայից Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է, այլ իրավիճակ է: Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք դարմանում եք հին վերքերը, և մենք ուզում ենք ձեզ օժանդակել՝ ի ցույց դնելով այն, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության, և որ փոխկապակցվածությունը նույն դերը կարող է կատարել այստեղ, ինչ որ ձեր տարածաշրջանում, ինչպես 88 տարի առաջ պողպատի և ածուխի միությունը կատարեց՝ ԵՄ-ի հիմք ծառայելով: Դա առևտրային կապերի հաստատման միջոցով էր, որը բերեց նախկին թշնամիների բարեկամանալուն և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,- ասաց նա: