Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվեն Ուիթքոֆը «չեն շտապում» այցելել Կիև, քանի որ Վաշինգտոնը վստահ չէ, որ ԱՄՆ-ի մասնակցությունն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններին կհանգեցնի ցանկալի արդյունքների։ Այս մասին ուրբաթ հայտնել է ուկրաինական անգլալեզու The Kyiv Independent-ը (KI)՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանցից մեկի խոսքով՝ այցը նախատեսված էր «խթանելու» Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև պատերազմը դադարեցնելու եռակողմ բանակցությունների վերսկսումը, որոնք «փաստացի փակուղի են մտել»։ Դրանք սառեցվել են ավելի քան երկու ամիս, քանի որ ԱՄՆ-ը զբաղված է Իրանի դեմ պատերազմով:
The Kyiv Independent-ը գրում է, որ Թրամփի երկու հատուկ բանագնացներն էլ «դարձյալ խորապես ներգրավված են ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցություններում, որոնք շարունակում են գերիշխել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության օրակարգում»: Միևնույն ժամանակ, պատերազմի սկզբից Ուկրաինայի երկինքը փակ լինելու պատճառով բանակցողները ստիպված կլինեն ճանապարհորդել գնացքով, ինչը «դժվար է Ուիթքոֆի համար»,- ասում է աղբյուրը:
Այնուամենայնիվ, ամերիկյան կողմը մեծ մտավախություն ունի, որ հնարավոր այցը «կբացահայտի» բանակցություններում առաջացած փակուղին, որը պայմանավորված է տարածքային հարցի շուրջ փոխզիջման հասնելու Մոսկվայի և Կիևի անկարողությամբ՝ շարունակում է KI-ն։
Սպիտակ տան խոսնակը The Kyiv Independent-ին ասել է, որ այցը քննարկվում է, բայց դրա ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Կիևի և Վաշինգտոնի միջև շփումը ամբողջովին չի դադարեցվել։ Ուկրաինացի պաշտոնյան հայտնել է, որ իր երկիրը փնտրում է «նոր ձևաչափեր»՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար։