ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի չորս թեկնածուները վերջին երկու օրվա ընթացքում լսումների են մասնակցել՝ ներկայացնելով կազմակերպությունը ղեկավարելու իրենց տեսլականները:
Չիլիի նախկին նախագահ 74-ամյա Միշել Բաչելետը կարևորել է կանանց իրավունքների հարցը:
65-ամյա Ռաֆայել Գրոսին, որն այժմ ղեկավարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում անաչառ լինելու անհրաժեշտությունը: Նա հավելել է՝ հարկավոր է ՄԱԿ-ը ղեկավարել ոչ թե ուղերձներ հղելով, այլ խնդիրները տեղում լուծելով:
Պաշտոնի մյուս թեկնածուն Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ, ՄԱԿ-ի առևտրի քարտուղար Ռեբեկա Գրինսպանն է: 70-ամյա գործիչը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում առաջնահերթություն կտա խաղաղության հաստատմանը: Նա նաև զգուշացրել է, որ ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը նվազում է, իսկ այն վերականգնելու ժամանակը՝ սպառվում:
Սենեգալի նախկին նախագահ 64-ամյա Մաքի Սալն էլ հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը:
Առայժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդները չորսն են, սակայն պայքարին կարող են միանալ նաև այլ թեկնածուներ: Գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով՝ ևս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Անտոնիու Գուտերեշը 10 տարվա պաշտոնավարումից հետո՝ 2027 թ. հունվարի 1-ից, այլևս չի գլխավորի կազմակերպությունը։