Մենք քաղաքացիներին ասում ենք՝ մենք ձեր թոշակները բարձրացնում ենք։ Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2 տարի, 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը համապատասխանեցվել է նվազագույն սպառողական զամբյուղին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր բացվել է շուրջ 280 նոր աշխատատեղ։ Աշխատավարձերը մինչև 75-80 տոկոսով ավելացել են, և գնաճը ընդհանուր առմամբ եղել է 29 տոկոս, այսինքն՝ աշխատող մարդիկ ապրում են 50 տոկոսով ավելի լավ։ Եթե այդպես չէ, թող որևէ մեկը ինձ բացատրի, մասնավորապես, դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետությունից ուղևորահոսքերի 580 տոկոս աճը։ Թող որևէ մեկը ինձ բացատրի, թե ինչպես է եղել, որ 2018 թվականից շուրջ 54 հազար ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել և այլն, և այդպես շարունակ։
Ընդհանրապես, ինչ վերաբերում է իշխանությանը, և ինչ վերաբերում է ժամանակին. եթե մարդը ժամանակի ընթացքում չի փոխվում, նշանակում է՝ մարդը մնացել է նույն կետի վրա։ Մարդը չի կարող միշտ լինել 4-րդ դասարանում։
Ինչ վերաբերում է դատավորներին՝ դուք գիտեք, որ ես ինքս եմ դատական համակարգի հետ կապված լրջագույն պրոբլեմների մասին խոսում, բայց Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ դատավորներն ունեն գործունեության երաշխիքներ, և դատավորը ցմահ պաշտոն է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ է պատճառը, որ ես համոզված եմ, որ նոր Սահմանադրության մեջ պետք է լինի անցումային դրույթ, համաձայն որի՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ստանան դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ, շարունակեն գործել և վերանշանակվեն միայն բարեվարքության համապարփակ ստուգումներ անցնելուց հետո»,- նշեց վարչապետը։