Ես պատկերացնում եմ ՀԱԵ-ն իր առաքելության մեջ, որը ծառայում է մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսին, և ոչ այլ կերպ, և ուզում եմ էլի հիշեցնել, որ եկեղեցին ժողովուրդն է, չկա եկեղեցի առանց ժողովրդի, չկա եկեղեցի առանց հետևորդների: Այդ մասին Կառավարության նսիտից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հոգևորականները եկեղեցու շատ կարևոր հատվածն են, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է՝ հավատավոր հետևորդները: Եվ Կտրիճ Ներսիսյանը առավել ևս եկեղեցի չէ»,- ասաց վարչապետը:
Խոսելով եկեղեցին հարկելու մտադրության մասին՝ նա ասաց հետևյալը. «Հարկերի վերաբերյալ մենք երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն: Մենք ասում ենք՝ հոգևորականները նույնպես քաղաքացի են և պետք է գործեն օրենքի դաշտում: Չկա որևէ կարգավորում, որ ՀՀ-ում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից: Կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, և եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտային հարկ վճարեն, պետք է նաև հոգևորականները վճարեն, ինչո՞ւ պետք է չվճարեն: Բայց հաջորդը կա. մենք ասում ենք, որ պատրաստ ենք և պարտավոր ենք և ութ տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ ՀԱԵ գործունեության արդյունքում ձևավորված և գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով:
Կա նաև հաջորդ հարցը. ասենք՝ ինչո՞ւ, օրինակ, պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը, ինչ-որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետք է հարկվի: Իսկ ինչո՞ւ մենք՝ ՀԱԵ հետևորդները, չիմանան, օրինակ, մոմի վաճառքը ինչքա՞ն շրջանառություն է ապահովում, հետո ի՞նչ են լինում այդ փողերը: Դա նրա համար է, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի մեքենաներո՞վ պտտվեն, թե՞ դա եկեղեցու կարիքների համար է:
Հարցը սկզբունքի մեջ է, սկզբունք պետք է կիրառվի, երկրում պետք է լինի թափանցիկություն. պաշտոնյաները պետք է գործեն թափանցիկ և հաշվետվողական, հոգևոր ծառայողները և մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ենք ընդունել, որը բացառություններ չի անում: Իմիջիայլոց, այդ չվճարումների պատճառով հոգևորականները այսօր չեն կարողանում օգտվել առողջության ապահովագրության համակարգից: Ինչո՞ւ չպետք է օգտվեն այդ մարդիկ: Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում եկամտային հարկի վերադարձի համակարգից չեն կարողանում օգտվել, իսկ ինչո՞ւ պետք է չկարողանան օգտվել, այսինքն՝ նաև մեր հոգևոր ծառայողների բարեկեցության մասին է: Գիտե՞ք ինչու է այդ ամեն ինչը. որ կախվածություն լինի մեկ անձից, բոլոր առումներով՝ ֆինանսական, կենցաղային և այլն:
Այստեղ նաև հոգևոր ծառայողների ազատության մասին է խոսքը՝ ազատության՝ կոռեկտության սահմաններում: Իսկ ինչո՞ւ չպետք է լինի հոգևոր ծառայողի էթիկայի կանոնակարգ: Մենք պետք է որպես հանրություն՝ պատասխան տանք հարցին՝ մեզ համար նորմալ և ընդունելի՞ է, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդը զավակներ ունենա: Պետք է ՀՀ քաղաքացիները պատասխանեն՝ նորմա՞լ է դա»: