Լիրաժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը՝ հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը երբ իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարի: Հիմա, երբ ստիպված են աշխատել հարկային դաշտում, բնականաբար, ծանր է նրանց համար, որովհետև բիզնեսմեն չեն, այլ կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու և ջերմոցային պայմաններում փող աշխատելու, թալանելու մասնագետներ են: Հիմա, երբ այդ հնարավորությունը չկա, դա նրանց ծանր է թվալու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ընդդիմությունը փոքր բիզնեսի համար խոստանում է կտրուկ փոփոխություններ, այն է՝ շրջհարկը հանել, հատուկ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների համար:
«Մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ, և մեր քաղաքականությունն է՝ խթանենք, որ բիզնեսները ոչ թե լինեն պակաս կամ պակաս հաջողակ, այլ ավելի և ավելի հաջողակ:
Մենք առաջիկայում տեսնում ենք հնարավորություն՝ միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու: Հիմա 24 մլն դրամ է, և ակնհայտ է, որ 24 մլն-ի շեմը, այդ թվում՝ գնաճային երևույթների՝ հասկանալի պատճառներով, այլևս արդիական չէ, և մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու մասին, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ հարկերը պետության և ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտներից են, ապա ՀՀ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ արեց, որպեսզի գնում անելիս չմոռանան պահանջել, ստանալ և վերցնել հսկիչ դրամարկղային կտրոնը:
«Նրանք, ում հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, նրանք ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, թոշակների բարձրացումը, նրանք ուզում են կասեցնել դպրոցների և մանկապարտեզների շինարարությունը, ճանապարհների շինարարությունը և այլն»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, թե՝ կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն: