ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի ղեկավարները համաձայնել են հրադադար հաստատել։
«Հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի պատվարժան նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Երկու առաջնորդները համաձայնել են պաշտոնապես հայտարարել 10-օրյա հրադադար՝ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու շահերից ելնելով»,- գրել է Թրամփը իր Truth Social ցանցում։
Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև 34 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունները: Նա հայտարարել է, որ պետքարտուղար Ռուբիոյին, փոխնախագահ Վենսին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռեյսինին հայտարարել է «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար»։ Թրամփը հավելել է, որ կհրավիրի Աունին և Նեթանյահուին Սպիտակ տուն։
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը որակել է «պատմական» Լիբանանի համար, իսկ «Հըզբոլլահ»-ին կոչ է արել «իրեն լավ պահել»։
Լիբանանում հրադադարն Իրանի պահանջներից մեկն էր ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Դրանք սկսվել էին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն առաջին հանդիպումն ավարտվել էր առանց արդյունքների։
«Հըզբոլլահի» ներկայացուցիչներից Իբրահիմ ալ-Մուսավին հայտարարել է, որ շարժումը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է, որ Լիբանանի հետ հրադադարը հնարավորություն է տալիս «պատմական խաղաղության համաձայնագրի» համար, և որ «Հըզբոլլահի» զինաթափումը կմնա Իսրայելի հիմնական պահանջներից մեկը Լիբանանի հետ ապագա խաղաղության բանակցություններում։ Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը կմնան Լիբանանի հարավում՝ սահմանի մոտ գտնվող տասը կիլոմետրանոց բուֆերային գոտում։ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը ողջունել են Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Չնայած հադադարը հաստատվել է տեղական ժամանակով կեսգիշերին՝ լիբանանյան լրատվամիջոցների տվյալով՝ Իսրայելն այն արդեն մի քանի անգամ խախտել է: Արդյունքում կան զոհեր և ավերածություններ: Հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 կին, ևս 21 մարդ վիրավորվել է։
«Հեզբոլլահ»-ն էլ հայտարարել է, որ ի պատասխան հրթիռային հարվածներով թիրախավորել է Լիբանանում գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: