Ապրիլի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Դեսպան Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների պատմական հիմքերի, արդի զարգացումների և երկկողմ ընդգրկուն օրակարգի խորացման հեռանկարների մասին։
Հայաստանի դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշելով, որ ամիսներ առաջ կողմերն ընդունել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ, որը նոր խթան է հաղորդում երկկողմ գործընկությանը և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանը։
Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գործունեությանը և առօրյա դիվանագիտական աշխատանքի յուրահատկություններին։
Հանդիպմանը մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Հայաստանի դեսպանին՝ հետաքրքրվելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների մասին։