ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ են արել ընդլայնել Եվրոպայում զենքի արտադրությունը։ «Մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք, ավելի շատ արտադրենք և երկուսն էլ ավելի արագ անենք», - գրել է ֆոն դեր Լայենը X հարթակում՝ Բրյուսելում Ռյուտեի հետ հանդիպումից հետո։
ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ խորհրդակցությունները կենտրոնացած են եղել Ուկրաինայի հարցի ուղղությամբ: Նրանք համաձայնել են ավելի սերտորեն համագործակցել՝ Ուկրաինային օգնելու և կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում։ «Ավելի ուժեղ Եվրոպա նշանակում է ավելի ուժեղ ՆԱՏՕ», - գրել է Ռյուտեն X-ում։
2025 թվականի հունիսին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում կառույցի 32 անդամները որոշել են պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 3,5 տոկոսը, բացի այդ, ՀՆԱ-ի ևս 1,5 տոկոսը ծախսել պաշտպանության հետ կապված ոլորտների վրա։ Սակայն, հիմնական խոչընդոտը դարձյալ պաշտպանական արտադրության չափազանց դանդաղ տեմպն է։ ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը վերջերս տվյալներ է ներկայացրել այն մասին, որ Ռուսաստանը դարձյալ զգալիորեն ավելի շատ զենք է արտադրում, քան Եվրամիությունը: