Ավարտին են հասցվել Գյումրի գնացող՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցման աշխատանքները, որի շրջանակներում իրականացվել է Աշտարակ-Թալին՝ 34, Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի 8 կմ և Լանջիկ-Գյումրի՝ 27 կմ ճանապարհների վերակառուցումը:
Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ, տեղեկացրեց հարակից զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Սիրելի՛ քաղաքացիներ, օգտվելով առիթից, բոլորիդ ապրիլի 19-ին հրավիրում եմ ավտոերթի՝ ավտոերթով բացելու այս ճանապարհը»,- ասաց նա:
Խուդաթյանը տեղեկացրեց նաև՝ 2025-ին ակտիվորեն շարունակվել են Հյուսիս-հարավի մեկ այլ՝ հարավային ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
«Սիսիան-Քաջարան հատվածում 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասով մրցութային գործընթացներ են մեկնարկել, իսկ Քաջարան-Ագարակ հատվածի մասով այնտեղ ունենք շուրջ 45 տոկոս կատարողական: Ծրագրով նախատեսված երկու թունելները փորված են, 15 կամուրջներից 14-ի վրա շինարարական աշխատանքներ են իրականացվում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ սա նախորդ տարվա՝ ամենամեծ շինարարական օբյեկտն է հանրապետությունում՝ հաշվի առնելով բոլոր օբյեկտները: