Թիմով ճամփորդելիս արձանագրում արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն և հոգեպես, որովհետև մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում: Այն նյարդը, այն լարվածությունը, այն լիցքը, որը մենք միշտ զգացել էինք, ներկայում չկա, մենք հանդարտություն ենք զգում: Կարծում եմ, որ քաղաքացիները նաև ինտուիտիվ հասկանում են դա: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե առաջիկա ընտրություններին ՀՀ քաղաքացին հակված կլինի՞ ընտրակաշառքով ընտրության գնալու:
Վարչապետը կարծիք հայտնեց, թե առողջության ապահովագրության համակարգը, կենսաթոշակների ավելացումն անուղղակիորեն կապված են խաղաղության հետ, որովհետև եթե խաղաղության նկատմամբ չկա վստահություն, և Կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով: Ըստ նրա՝ խաղաղությունն է բերել տնտեսական աճ, զբոսաշրջիկների թվի աճ, ինչպես նաև բյուջեի աճ:
«Երբ մտածում ենք՝ բա էս բյուջետային եկամուտների հնարավորությունը ո՞նց օգտագործենք էսկալացիայի պայմաններում, ամենայն հարգանքով, բայց սոցիալական և էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններում առաջին միտքը այն չէ, որ այս ծախսը պետք է ուղղել սոցիալական ուղղություններով, մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել… Բայց երբ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ խաղաղությունը հաստատված է, շատ հանգիստ այդ գումարներն ուղղում ես սոցիալական ծախսերի համար»,- ասաց նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե խաղաղությունը ՀՀ քաղաքացիներն ավելի շատ են զգում, քան իրենք սպասում էին:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. «Ինչի՞, ձեզ թվում է 2021-ին ընտրակաշառք չի բաժանվե՞լ. քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել-դատապարտվել, այդ թվում՝ խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչներից: Չկա՛, այդ դարաշրջանը անցել է վաղուց»: