Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում հայտնում են, որ համաձայնության են եկել 2024 թվականին AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի վթարի հետևանքների վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Համաձայն Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը համապատասխան որոշում են կայացրել հետևանքների, այդ թվում՝ փոխհատուցման հարցի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում ՀՕՊ համակարգի «ոչ միտումնավոր ակտիվացման» հետևանքով։
Կողմերը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների «շարունակական զարգացումը» կնպաստի բարիդրացիության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը՝ «ի շահ երկու պետության ժողովուրդների»։ Դիվանագիտական գերատեսչությունները նաև «իրենց խորին ցավակցությունն են հայտնել» ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին։