ԱՄՆ-ն պաշտոնապես չի համաձայնել Իրանի հետ հրադադարի երկարաձգման շուրջ, սակայն այդ նպատակով շփումները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին նույնպես հայտարարել է, որ «մինչ այժմ հրադադարի երկարաձգման վերաբերյալ ոչ մի ենթադրություն չի հաստատվել, և խորհրդակցություններն անցկացվում են բացառապես Պակիստանի միջնորդությամբ»։
Ավելի վաղ Associated Press-ը (AP), հղում անելով տարածաշրջանային երկու պաշտոնյայի, հայտնել է, որ առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման հարցում։ Հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին:
Ըստ AP-ի՝ «միջնորդները ձգտում են փոխզիջման հասնել անցյալ շաբաթավերջին ուղիղ բանակցությունները խափանած երեք հիմնական խոչընդոտների շուրջ՝ Իրանի միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցի կարգավիճակը և պատերազմի պատճառած վնասի փոխհատուցումը։