Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր ադրբեջանական երկաթուղով ապրանքներ են ներկրվում ՀՀ, Ադրբեջանից նավթամթերք է ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք «նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:
ՀՀ քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի, ի պատասխան Փաշինյանը նշում է, որովհետև այդ դեպքերում ոչ միայն պարզ գործողություն է արվում, այլև «բառիս բուն իմաստով մաֆիայի» դեմ են պայքարում:
Վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծման թեմային՝ Փաշինյանը նշեց. «Ուզում եմ ասել, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ: Սա պետք է ասել»:
Հիմա, ըստ Փաշինյանի, ՀՀ-ն մտնում է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման փուլ:
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս միջազգային բարդ իրադրության՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը և TRIPP նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն: Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն և հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու»,- ասաց նա: