ՆԳՆ կիբեռոստիկանությունը հիշեցնում է՝ եթե ավանադական հաքերության մեջ հանցագործները փնտրում են ծրագրային թերություններ, ապա սոցիալական ինժեներները փնտրում են «ճեղքեր» մարդու բնավորության մեջ՝ վախ, հետաքրքրասիրություն կամ շտապողականություն։ Սա խաբեության արվեստ է, որի նպատակն է ստիպել ձեզ ինքնակամ տալ ձեր գաղտնաբառերը կամ փոխանցել գումարը և ոչ միայն։
ՀՀ-ում մեծ տարածում ունեցող և հանցագործների կողմից հաճախ կիրառելիներից որպես օրինակներ կարող ենք առանձնացնել`
-
Կեղծ զանգեր «Բանկի անվտանգությունից». Ձեզ զանգում են և հայտնում, որ ձեր քարտից կասկածելի գործարք է կատարվում։ Ձեզ խուճապի են մատնում և խնդրում ասել հեռախոսին եկած SMS կոդը՝ «գործարքը չեղարկելու համար»։ Իրականում այդ կոդով նրանք հաստատում և վերջնական ավարտին են հասցնում ձեր գումարի հափշտակությունը
-
«Օգնիր ընկերոջդ». Ձեր ծանոթի սոցցանցի էջը կոտրում են, նմանակում են և նրա անունից ձեզ գրում. «Շատ շտապ գումար է պետք, մի քանի ժամից կվերադարձնեմ» կամ նմանատիպ այլ պատրվակներ
-
Շահումների խոստում. Ձեզ հայտնում են, որ հաղթել եք խոշոր մրցույթում, բայց նվերը ստանալու համար պետք է վճարել փոքրիկ «մաքսային վճար» կամ «առաքման գումար»։
-
Նմանատիպ օրինակները բազմազան են, պարզապես պետք է պահպանել վարքագծի պարզ կանոններ, որպեսզի չդառնալ հանցագործության զոհ
-
Դադար տվեք. Հանցագործները միշտ շտապեցնում են, որպեսզի դուք չհասցնեք տրամաբանել։ Եթե զգում եք, որ ձեզ դրդում են արագ որոշման, սա արդեն իսկ տագնապային նշան է։
-
Ստուգեք աղբյուրը. Եթե «ընկերն» է գրում, զանգահարեք նրան իրական հեռախոսահամարով և հարցրեք՝ արդյո՞ք ինքն է գրել։
Բանկային կոդերը բանալիներ են դեպի բանկային հաշիվ. Երբեք, ոչ մի դեպքում և ոչ մեկին (նույնիսկ բանկի աշխատողին) մի՛ ասեք ձեր քարտի հետնամասի եռանիշ կոդը (CVV) կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։ Բանկը երբեք չի զանգի ձեզ SMS կոդ հարցնելու համար։ Եթե նման զանգ եք ստացել, անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր բանկի պաշտոնական հեռախոսահամարով։