Թեհրանն ի սկզբանե ենթադրում էր, որ ԱՄՆ-ի հետ մեկ հանդիպման ընթացքում չի հաջողվի համաձայնության գալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեն:
«Այս բանակցությունները տեղի են ունեցել 40-օրյա պարտադրված պատերազմից հետո և անցել են կասկածի ու անվստահության մթնոլորտում։ Բնական է, որ մենք սկզբից էլ չէինք ակնկալում, որ մեկ նիստի ընթացքում հնարավոր կլինի հասնել համաձայնության։ Ոչ ոք նման սպասումներ չուներ»,- նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ, ամերիկյան պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում գլխավորող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էր հայտարարել, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ երկարատև բանակցությունների արդյունքում:
Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա առանց գործարքի:
Իրանական պատվիրակությունը, ըստ Mehr գործակալության, բանակցություններից հետո արդեն լքել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը:
Իր հերթին, Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարը հայտնել է՝ Պակիստանը կշարունակի իր դերակատարությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությանը նպաստելու գործում: Նրա խոսքերը մեջբերել է France Presse գործակալությունը։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Իրանը և ԱՄՆ-ն սկսել էին բանակցություններ Իսլամաբադում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գիշերը հայտարարել էր, որ Թեհրանի հետ ձեռք է բերվել երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնություն։
Տեղեկացնենք՝ իրանական կողմից Պակիստան էր մեկնել 70-ից ավելի մարդ, պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է՝ եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն:
Բանակցություններին ընդառաջ Վենսը հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ, իսկ Թեհրանից հայտարարել են, որ ուզում են բանակցել և հասնել գործարքի, սակայն չեն վստահում Վաշինգտոնին: