Մենք խոսել ենք բազմակողմ ձևաչափերով արձանագրված դրական համագործակցության մասին, կարևորել ենք դրա շարունակականության ապահովումը, մասնավորապես կուզենայի նաև ընդգծել Հայաստան-Նորդիկ-Բալթյան 8 երկրների ձևաչափով պարբերաբար տեղի ունեցող շփումները, և հուսով ենք, որ Էստոնիայի առաջնորդությամբ կկարողանանք այս օրակարգը և այս ֆորմատով շփումներն առաջ մղել: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր ընդհանուր համագործակցության համատեքստում առանձին տեղ և կարևորություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթությունը: Այստեղ ևս պետք է նկատել, որ Էստոնիան և՛ պատրաստակամություն, և՛ առաջնորդություն է ցուցաբերել, և մենք ունենք շատ հուսալի ու վստահելի գործընկեր ԵՄ-ում՝ ի դեմս Էստոնիայի: Կրկին մեր երախտիքը, պարո՛ն նախարար:
Գիտեք, որ մեր նվիրումն այն արժեքներին, որոնք դրված են այս համագործակցության հիմքում, անխախտ է, և դուք էլ վստահաբար կարող եք նույն ծավալով, նույն չափով հենվել մեզ վրա»,- ասաց նա: