Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հանդես է եկել Իրանի հետ կապված հայտարարություններով: Նա խորհուրդ է տվել Թեհրանին կամավոր հանձնել հարստացված ուրանը:
«Նրանք կամ կամավոր կտան մեզ ուրանը, ինչպես նշել է նախագահը, կամ մենք կվերցնենք այն», հայտարարել է Հեգսեթը։
Նա կոչ է արել Իրանին դադարեցնել ԱԹՍ-ների և հրթիռների արձակումը: «Իրանը խելամիտ կլինի՝ հեռավոր շրջաններում իր զորքերին հարվածային անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը դադարեցնելու հրաման տա, քանի որ երբեմն ժամանակ է պահանջվում, որպեսզի հրադադարի ռեժիմն ուժի մեջ մտնի»:
«Մենք ռազմական թիրախներ ունեինք Խարգ կղզում, նրանք չեն կարող այն պաշտպանել և իրանցիներն, ի վերջո, գիտակցեցին իրենց իրավիճակը՝ իրենց ապագան։ Ռեժիմը սնուցելու համար էներգիա արտադրելու և ստեղծելու նրանց կարողությունը մեր ձեռքերում էր, նախագահ Թրամփի ձեռքում էր։ Ահա թե ինչու նրանք նստեցին բանակցությունների սեղանի շուրջ», հավելել է ԱՄՆ պատերազմի նախարարը։
Նրա համոզմամբ՝ իրանցիները հասկացան, որ ԱՄՆ-ը կարող է վերացնել Իրանի՝ էներգիա արտահանելու կարողությունը, ամերիկյան զինված ուժերը կարող են անպատիժ հարվածել այդ թիրախներին։ Հենց դա էլ ստիպել է նրանց գործարք կնքել ԱՄՆ-ի հետ:
Հեգսեթը ողջունել է ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի աջակցությունը՝ պաշտպանելու ինչպես ամերիկյան օբյեկտներն ու մարդկանց, այնպես էլ իրենց սեփականը: «Մենք գնահատում ենք դա, և նման համակարգումը, անշուշտ, կշարունակվի»,- վստահեցրել է նախարարը։
Պենտագոնի ղեկավարը նաև կոչ է արել Իրանի ժողովրդին օգտվեր ներկա հնարավորությունից։ «Նախորդ ռեժիմը ճնշում էր նրանց, և այժմ, ներկայիս ռեժիմի պայմաններում, նրանք կարող են նոր հնարավորություն ունենալ: Դա դեռ կտեսնենք: Բայց մեր նպատակն այս նախաձեռնության շրջանակում, իհարկե, դա չէր»,-ասել է Հեգսեթը։