Արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովումը և հնարավոր ռիսկերի նվազեցումը ժամանակակից կառավարման առաջնահերթ ուղղություններից են։ Այդ համատեքստում Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից մարտ ամսին մայրաքաղաքի մի շարք կրթական, առողջապահական և մասնավոր կազմակերպություններում անցկացվել են հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժանքներ։
Տարաբնույթ միջոցառումների ժամանակ շեշտը դրվել է մասնավորապես ազդարարման, տարհանման և պատսպարման գործընթացների կազմակերպման վրա։ Ուշադրության կենտրոնում են եղել կառավարման համակարգերի օպերատիվությունը, արտակարգ իրավիճակներում հաստատությունների բնականոն գործունեության պահպանումը, ինչպես նաև կենսական նշանակության գործընթացների անխափան իրականացումը։
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանն ուղղված հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ժամանակ կարևորել է հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, անձնակազմի համակարգված գործողությունների ապահովման ու մարդկանց անվտանգ տարհանման գործընթացների ճիշտ կազմակերպումը։
Ուսումնավարժությունների շրջանակում խաղարկվել են հրդեհի սցենարներ՝ մարդկանց տարհանում անվտանգ տարածք, հրդեհաշիջում, մարտական բացազատում, պայմանական տուժածներին առաջին օգնության ցուցաբերում։ Իրականացվել է նաև շնչառական ապարատներով հետախուզություն՝ ծխապատ տարածքներում մնացած մարդկանց հայտնաբերելու, կրակի տարածման, պայթյունի և փլուզման վտանգը բացառելու համար։
Նմանատիպ միջոցառումները նպաստում են փրկարարական ծառայողների գործնական հմտությունների կատարելագործմանը և տարբեր օղակների միջև համագործակցության ամրապնդմանը՝ ապահովելով առավել բարձր մակարդակի անվտանգություն։


