ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի։ Համերգի ընթացքում հնչել են ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները՝ հայ և ամերիկացի երաժիշտների կատարմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Բացման խոսքով հանդես են եկել Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը։
Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով Հովնան Սրբազանին նման ընդունելության և պատվի արժանացնելու համար, իր խոսքում մասնավորապես նշել է․ «Որպես ՀՀ դեսպան՝ ինձ համար մեծ պատիվ և օրհնություն է Ծաղկազարդի կիրակի օրը արժանանալ նման ընդունելության և ունկնդրել Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները։
Համաձայն Ալան Հովհաննեսի ժամանակակիցների՝ նրա կյանքը ինքնաճանաչման փնտրտուք էր, և այդ գաղափարը հիմա էլ մեզ հետ է, քանի որ մենք՝ որպես ազգ, կանգնած ենք ինքնաճանաչման, որպես պետություն՝ ինքնանորոգման, իսկ որպես եկեղեցի՝ բարենորոգման խնդրականի առաջ։ Բայց մի բան հստակ է՝ բոլոր ուղղություններով հաջողելու ենք»։
Հանդիպմանը ներկա են եղել համայնքային առաջնորդներ, Ալան Հովհաննեսի ընտանիքի անդամներ, ծխական խորհրդի անդամներ, հավատացյալներ և այլք: