Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկներն անիրատեսական են: Էսմայիլ Բաղաեիի խոսքով՝ չեն վստահում բանակցություններ վարելու՝ Վաշինգտոնի առաջարկներին, քանի որ արդեն վատ փորձ են ունեցել: «Թեհրանը չի կարծում, որ Վաշինգտոնը պատրաստ է լուրջ բանակցությունների: Նրանց առաջարկներն անտրամաբանական են և չափազանց շատ պահանջներ են պարունակում: Այժմ կենտրոնացած ենք ինքնապաշտպանության վրա»,- մանրամասնել է Բաղաեին: Նա հավելել է, որ բանակցություններ վարելու առաջարկը ստացել են Պակիստանի և այլ միջնորդների միջոցով, սակայն Վաշինգտոնի հետ անմիջական շփում դեռ չի եղել: Բաղաեին նաև նշել է, որ Իրանի խորհրդարանը դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Թեհրանի դուրս գալու հարցը, սակայն Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են՝ ուղիղ և անուղղակի ձևաչափերով: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանը համաձայնել է Պակիստանի միջոցով փոխանցված 15 կետանոց հնարավոր գործարքի մեծ մասին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ նշել է, որ ամերիկյան կողմը հասել է իր նպատակների մեծ մասին: Վենսի խոսքով՝ դեռ որոշ ժամանակ էլ կշարունակեն ռազմական գործողությունները՝ վստահ լինելու, որ վերադառնալու կարիք այլևս չի լինի:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում։