ԱՄՆ նախագահը Վեսթ Փալմ Բիչի (Ֆլորիդա) օդանավակայանում՝ աշխատանքային այցով Թենեսի մեկնելուց առաջ լրագրողների հետ խոսել է Իրանի շուրջ իրավիճակի մասին:
Նա նշել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը մի շարք կետերի շուրջ համաձայնության են եկել: Կարևորը, ըստ ԱՄՆ ղեկավարի հայտարարության, Իրանը ԱՄՆ-ի հետ շփումներում արդեն համաձայնել է չմշակել միջուկային զենք։
Թրամփը պնդել է, որ Իրանը համաձայնել է ապագայում չհարստացնել ուրան և դա վերաբերում է նույնիսկ քաղաքացիական նպատակներով հարստացմանը:
«Նրանք համաձայնել են: Թեհրանը համաձայնել է ընդհանրապես չհարստացնել ուրան, նույնիսկ քաղաքացիական նպատակներով, այդ թվում՝ բժշկական նպատակներով իզոտոպների արտադրության համար»,-պարզաբանել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է Իրանից դուրս բերել միջուկային նյութերը։ Նա նշել է՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս ԱՄՆ-ն կվերցնի Իրանի հարստացված ուրանը:
ԱՄՆ-ն այժմ հեռախոսով է կապ հաստատում Իրանի ներկայացուցիչների հետ, բայց Վաշինգտոնն ակնկալում է շուտով անձնական հանդիպում անցկացնել Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը։
«Շատ դժվար է նրանց համոզել դուրս գալ երկրից: Սակայն ինչ-որ պահի, շատ շուտով, մենք կհանդիպենք»,-ասել է Թրամփը։
Նա պնդել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանն իրական հնարավորություն ունեն վերջ դնելու հակամարտությունը:
Թրամփի խոսքով՝ ամերիկյան կողմից Իրանի հետ բանակցում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները: Թրամփը չի հայտնել, թե ով է բանակցում իրանական կողմից, սակայն հայտնել է, որ նա երկրի հարգված ղեկավարներից մեկն է:
Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ողջունել են ԱՄՆ նախագահի հայտարարությունները: «Պատերազմի ցանկացած արագ լուծում համաշխարհային շահերից է բխում»,- հայտնել են Դաունինգ Սթրիթում: