Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը նշել է, որ Մերձավոր Արևելքում առնվազն 40 էներգետիկ օբյեկտ զգալի վնաս է կրել ռազմական հակամարտության հետևանքով։
Նա նշել է, որ նավթահանքերի, վերամշակման գործարանների և խողովակաշարային ենթակառուցվածքների վերականգնումը զգալի ժամանակ կպահանջի, ինչը կարող է հանգեցնել գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների` նույնիսկ պատերազմի ավարտից հետո։ Բիրոլը ներկայիս ճգնաժամի մասշտաբները համեմատել է 1970-ականների նավթային ցնցումների և 2022 թվականի գազային ճգնաժամի հետ` «միասին վերցրած»։
Ըստ Բիրոլի՝ խափանումներն ազդել են ոչ միայն նավթի և գազի մատակարարումների, այլև նավթաքիմիական, պարարտանյութերի, ծծմբի և հելիումի շուկաների վրա։
ՄԷԳ-ի ղեկավարի խոսքով՝ առավել խոցելի է Ասիան, որը մեծապես կախված է մերձավորարևելյան նավթի մատակարարումներից։ Նա նաև քննադատել է վառելիքի արտահանումը սահմանափակելու` Չինաստանի որոշումը և երկրներին կոչ արել համատեղ գործել` ճգնաժամը հաղթահարելու համար: