Լրագրողները ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանից հետաքրքրվեցին Գոգավանի մաքսակետում առգրավված մեքենաների ճակատագրով, քանի որ քաղաքացիները դժգոհում են, որ չեն կարողանում տնօրինել իրենց գույքը կեղծված VIN (վին) կոդերի պատճառաբանությամբ։
Էդուարդ Հակոբյանը պարզաբանեց, որ խնդիրը կրում է իրավական բնույթ և կապված է բացահայտված հանցավոր սխեմաների հետ.
«Տեսեք՝ աջակցության այստեղ այդքան հարց չկա, ինչքան անցած տարի մոտ տենց երկու խոշոր սխեմաներ ենք բացահայտել, և դա է պատճառը, որ կեղծ VIN կոդերով մեքենաները, պարզ է՝ պետք է համապատասխան առգրավումներ արվեին և պահվեին տարածքներում»,- նշեց նա։
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ մեքենաներն այժմ գտնվում են հատուկ պահպանության տակ, և հարուցված են քրեական գործեր.
«Հիմա այդ մեքենաները շատ անվտանգ կերպով պահպանվում են մեր Գյումրու մաքսային տարածքում, և համապատասխան հաղորդում է գնացել մեր կողմից, ու քրեական գործ է ընթանում այդ ուղղություններով»։
Հակոբյանը հորդորեց քննության մանրամասների համար դիմել իրավապահ մարմիններին.
«Դրա համար, իմ կարծիքով, արդեն ճիշտ կլինի համապատասխան մարմիններին հարց հնչեցնեք, թե քննությունները ինչ փուլում են գտնվում։ Այսինքն՝ մենք բացահայտել ենք սխեմաները, համապատասխան օրենքին համահունչ գործել ենք, պահպանում ենք այդ մեքենաները անվտանգ տարածքներում և սպասում ենք՝ տեսնենք, թե ինչ քննություն կլինի, և ինչ արդյունքներ կլինեն»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։