Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի ներդրումային մարմնի նախագահ Աբդ ալ Սալամ բին Մուհամմադ ալ Մուրշիդիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Օմանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության զարգացման պատրաստակամությունը, ինչն իր ազդեցությունը կունենա նաև ներդրումների խթանման ուղղությամբ նպաստավոր փոխգործակցության ձևավորման վրա։
Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների՝ ներդրումների խրախուսման ուղղությամբ աշխատող կառույցների, ՀՀ-ի կողմից՝ «Էնթերփրայզ Արմենիայի», առևտրի պալատների, գործարար շրջանակների միջև ուղիղ կապի հաստատման կարևորությունը, ինչպես նաև Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության դերը՝ կոնկրետ հնարավորությունների ուսումնասիրման գործում։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, գործարարության խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։
Արարատ Միրզոյանը և Աբդ ալ Սալամ բին Մուհամմադ ալ Մուրշիդին մտքեր են փոխանակել մարդկանց միջև շփումների, Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի հաստատման, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։