ԱՄՆ վարչակազմը պետք է վերսկսի «Ամերիկայի ձայնի» (VoA) միջազգային հեռարձակողի գործունեությունը, որոշումը կայացրել է ԱՄՆ դաշնային դատավոր Ռոյս Լամբերտը՝ մարտի 17-ին։ Նա պարտավորեցրել է ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը (USAGM) մինչև հաջորդ շաբաթվա վերջ ներկայացնել VoA-ի հեռարձակումների վերսկսման ծրագիր։ USAGM-ը դաշնային ֆինանսավորում է հատկացնում միջազգային հեռարձակող լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվություն են տրամադրում այն երկրների բնակիչներին, որտեղ մամուլի ազատությունը բացակայում է կամ սահմանափակ է։
Իր որոշման մեջ Լամբերտն ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսը սահմանել է USAGM-ի առաքելության և ֆինանսավորման հստակ պահանջներ։ Դրանց համաձայն՝ գործակալության հեռարձակող ծառայությունները պետք է ապահովեն իրադարձությունների օբյեկտիվ և հուսալի լուսաբանում՝ ընդգրկելով «աշխարհի բոլոր նշանակալի տարածաշրջանները»։
Ավելի վաղ Ռոյս Լամբերտը անօրինական էր համարել նախկին հեռուստահաղորդավարուհի Քարի Լեյքի նշանակումը USAGM-ի ղեկավարի պաշտոնում: Այդ որոշման արդյունքում VoA-ում Լեյքի ղեկավարության ներքո կատարված զանգվածային պաշտոնանկությունները համարվում են անվավեր: Մինչև մարտի 23-ը գործակալությունը պարտավոր է վերականգնել «Ամերիկայի ձայնի» 1042 աշխատակցի, որոնք 2025 թվականի վերջից գտնվել են վճարովի վարչական արձակուրդում: