ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի մարտի 16-ին այցելել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Մեսրոպյանն ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները՝ ներկայացրել է կատարված փորձաքննությունների, ստացված եզրակացությունների, կադրային համալրման և Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Մասնավորապես՝ 2025 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է փորձաքննություն նշանակելու մասին 10148 որոշում (2024-ին՝ 8226 որոշում), իսկ փորձագետների կողմից տրվել է 9841 եզրակացություն (2024-ին՝ 6021 եզրակացություն): Այսպիսով, արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով:
Ավարտված 9841 փորձաքննությունից 8757-ը եղել են ՀՀ քննչական կոմիտեի, 1070-ը՝ ՀՀ ոստիկանության, 12-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, իսկ 2-ը՝ դատարանի կողմից նշանակված։
ՊՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների ճիշտ կազմակերպման և պլանավորման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի փորձագիտական ծառայությունների ձեռք բերման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հանձնարարությամբ՝ որոշ տեսակի զենքերի և սառը զենքերի, հուշանվեր թղթադրամների, օտարերկրյա պետություններում թողարկված վարորդական իրավունքների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի փորձաքննությունների փոխարեն դրանց զննություններն իրականացվում են փորձագետի մասնակցությամբ, ինչպես նաև համապատասխան հարցումներ են ուղարկվում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել փորձագետներին անհիմն ծանրաբեռնելուց և ավելորդ նյութածախսից։
Տնօրենն անդրադարձել է նաև կադրային քաղաքականությանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ը համալրվել է համապատասխան որակավորում անցած շուրջ 87 փորձագետով:
Վիգեն Մեսրոպյանը գոհունակությամբ նշել է, որ 2025 թվականի արդյունքներով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 548-րդ հորիզոնականը։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ նշելով, որ նրանց կատարած աշխատանքը տեսանելի է և էական նշանակություն ունի քրեական վարույթների ընթացքը լուծելու հարցում:
Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ:
Քննչական կոմիտեի նախագահը նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած հարցում ՊՈԱԿ-ին աջակցելու և խնդիրների առկայության դեպքում դրանց լուծում տալու:
Խորհրդակցությունից հետո Արթուր Պողոսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել փորձագետների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 1-ից գործում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կազմում կա 11 բաժին, որից 7-ը՝ կենտրոնական մարմնում, իսկ 4-ը՝ մարզերում:
Կազմակերպությունը փորձագիտական ծառայությունների մատուցումից և շուրջօրյա քրեագիտական աջակցության ցուցաբերումից բացի՝ վարում է նաև ՀՀ-ում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու, իրականացնում է մատնադրոշմների, գնդակապարկուճադարանի և ԴՆԹ նմուշների հաշվառումներ։