ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
Իր ելույթում նախարար Թորոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը կանխարգելելու, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու աջակցությունն ապահովելու, ինչպես նաև բռնությունից զերծ միջավայր ձևավորելու ուղղություններով։
Անդրադառնալով բռնությունից զերծ միջավայրի ձևավորման սոցիալ-հոգեբանական շերտերի կարևորությանը՝ նախարար Թորոսյանն ընդգծել է, որ բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը կարևոր նախապայման է հասարակական առողջ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրի կայացման համար։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման գործում։ Նա շեշտել է նաև պետության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ բռնության կանխարգելման և հավասար հնարավորությունների վրա հիմնված հասարակության ձևավորման գործում։