Թեհրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ նավթագազային օբյեկտներին՝ ի պատասխան իրանական էներգետիկ համակարգի վրա հարձակվելու ցանկացած փորձի, ասվում է «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։
«Մենք զգուշացնում ենք թշնամու կառավարությանը և նրա բոլոր դաշնակիցներին, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների և նավահանգիստների վրա նույնիսկ ամենափոքր հարձակումը կհանգեցնի մեր ջախջախիչ և կործանարար պատասխանին։ Նման հարձակման դեպքում տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Միացյալ Նահանգների և նրա արևմտյան դաշնակիցների համար, կայրվեն և կոչնչացվեն», - հաղորդել է պետական հեռարձակողը։
Ավելի վաղ, ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում, Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զգուշացրել էր, որ Իրանը վրեժ կլուծի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հարվածների հետևանքով զոհերի համար: Նա նաև պահանջել է փոխհատուցում Վաշինգտոնից և Թել Ավիվից հարձակումների հետևանքով պատճառված վնասի համար, նաև շեշտել, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա: Թեհրանը հակամարտության մեջ նեղուցը կօգտագործի որպես լծակ։