Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակում հերթական հարվածն է հասցրել հակառակորդին: Ըստ ԻՀՊԿ-ի՝ լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համատեղ գործողությունը տևել է հինգ ժամ, Իսրայելում խոցվել է ավելի քան 50 թիրախ, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում հարված է հասցվել ամերիկյան ռազմաբազաներին:
Իրաքի ափերին երկու նավթատար լցանավ է խոցվել պայթուցիկով բեռնված հեռակառավարվող նավակներով, մեկ նավաստի զոհվել է: Իրաքը դադարեցրել է նավահանգիստների գործունեությունը: Բահրեյնն էլ հայտնել է, որ Իրանը հարվածել է վառելիքի բաքերի, խոշոր հրդեհ է բռնկվել: Հարվածներ են արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում:
Իսրայելն իր հերթին հայտնել է Թեհրանին և Իրանի արևմուտքին հարվածելու մասին: Թիրախավորվել են ԻՀՊԿ-ի կենտրոնակայանները, հրամանատարական կենտրոնները, բալիստիկ հրթիռների պահեստները և գործարանները: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանն օրեցօր կորցնում է իր ռազմաօդային կարողությունները: