«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարել է, որ քաղաքական ուժերից մեկը մեծ թվով ավտոբուսներ է ամրագրում արտերկրից Հայաստան ընտրողներ տեղափոխելու համար: Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություն կա թեմայի վերաբերյալ, և ինչպես է կանխվելու սա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ Կառավարության տեղեկությունն արտահայտված է Արտաքին հետախուզական ծառայության հրապարակած հայտարարության մեջ, իսկ ինչ վերաբերում է իրադրությանն արձագանքին, ըստ վարչապետի՝ սրան նախ պետք է իրավական գնահատական տալ:
«Քաղաքական առումով ասել եմ արդեն, իմ համոզմունքն է, դրանում չեմ կասկածում, որ եթե տեսականորեն այդպիսի իրավիճակ լինի, ապա ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների, քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին: Ես դրանում կասկած չունեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Քրեական օրենսգրքի՝ կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելու հոդվածով: Կառույցի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ արժանահավատ տվյալներ ունեն Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին:
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, առանց երկրի անունը նշելու, հայտարարել էր «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության» մասին։
ՔԿ-ն ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ: