ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Ջայտեքս Եվրոպա 2026» (GITEX EUROPE 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը՝ Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
Ցուցահանդեսը Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական, ներդրումային և ստարտափ միջոցառումներից է, որը մեկ հարթակում համախմբում է առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին, ներդրողներին, ինչպես նաև պետական և մասնավոր ոլորտային կառույցների ներկայացուցիչներին՝ ներկայացնելու արդի տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը:
Նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ոլորտային ընկերություններին հնարավորություն ընձեռելով մասնակցել ցուցահանդեսին՝ որպես ցուցադրող կամ այցելու, ինչը նրանց հնարավորություն կտա սեփական արտադրանքն ու լուծումները ներկայացնելու, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ նոր գործարար կապեր հաստատելու համար:
Մրցութային փուլը հաղթահարած բոլոր կազմակերպությունները հնարավորություն կունենան «ARMENIA» միասնական տաղավարում հանդես գալ ստարտափ ներկայացումներով (pitching sessions) և օգտվել բանակցային գոտուց: Միաժամանակ, ցուցադրող ընկերությունները միասնական տաղավարի շրջանակում կներկայանան նաև առանձին ցուցավահանակներով (stand):
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2026 թվականի մարտի 24-ը ներառյալ՝ հետևյալ հղումով։
Նախարարությունը հոգում է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և միջոցառման մուտքի հետ կապված ծախսերը։ Ճանապարհածախսը, կեցությունը և մուտքի արտոնագրի ձևակերպման ծախսերը հոգում են ընտրված կազմակերպությունները։
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական կայքէջ՝ կայքում:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 10-59-01-48 հեռախոսահամարով: