Իրանում պատերազմի ֆոնին էներգակիրների գների զգալի աճին Եվրամիությունը դեմ է արտահայտվել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմացմանը։ «Մենք պետք է առավելագույն ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա»,- Բրյուսելում հայտարարել է ԵՄ տնտեսական հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
Նրա խոսքով՝ որոշ նավթային պատժամիջոցների վերացումը «հակաարդյունավետ» կլինի և «կամրապնդի Ռուսաստանի ռազմական ներուժը»։ ԵՄ հանձնակատարը հավելել է, որ «կարևոր է խստորեն պահպանել» ռուսական նավթի գնի վերին շեմը։
Այսպիսով, Դոմբրովսկիսը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը ՌԴ-ից նավթի արտահանման նկատմամբ նախկինում սահմանված որոշ սահմանափակող միջոցները դադարեցնելու պլանների մասին: Դրանք արվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Հոկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել ռուսական նավթային հսկաների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ։