Օպերատիվ կառավարման կենտրոնը, որը փետրվարի 15-ից գործարկված 112 հեռախոսահամարով միավորել է ոստիկանության և փրկարար ծառայության զանգերը, գործում է բնականոն և լիարժեք՝ ապահովելով արագ, արդյունավետ և համակարգված արձագանք։ Կենտրոնի ձևավորումը պարզապես հեռախոսահամարի փոփոխություն չէ. այն արագ արձագանքման և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կոնցեպտուալ նոր մոտեցում է։
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանի խոսքով՝ «Կենտրոնի խնդիրն է «Մեկ զանգ, արագ արձագանք» սկզբունքով ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը»:
Նոր կոնցեպտուալ մոտեցումը միայն զանգերի տեխնիկական միավորմամբ չի սահմանափակվում․ այն ուղղված է արձագանքման նոր մշակույթի ձևավորմանը, որը ժամանակակից լուծումների կիրառմամբ հնարավորություն է տալիս ապահովել քաղաքացիակենտրոն սպասարկում, յուրաքանչյուր զանգին օպերատիվ արձագանք։
Զանգահարելով 112 հեռախոսահամարին՝ քաղաքացիները հնարավորություն ունեն մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումը դառնում է ավելի արագ և արդյունավետ։
112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, քաղաքացիների նկատմամբ հարգալից և պատասխանատու սպասարկման ապահովումը:
«Յուրաքանչյուր զանգին պատշաճ արձագանքելը մեր հանձնառությունն է, և օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմը պատրաստ է լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները»,-ասում է Կենտրոնի տնօրենը:
Իրականացված բարեփոխումներն ամուր հիմք են ստեղծել, որպեսզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաջորդ տարվանից արդեն հնարավոր լինի նաև շտապօգնության կանչերի պատշաճ ինտեգրումը՝ ապահովելով արձագանքման առավելագույն արդյունավետություն։