Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը։