Իրանը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել իր՝ նավթով հարուստ հարևան արաբական երկրների ուղղությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների: Հարձակումների թիրախում են ամերիկյան ռազմական բազաները, ինչպես նաև քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները:
Ըստ Financial Times-ի՝ Իրանն անօդաչու սարքերով և հրթիռներով երեք անգամ ավելի շատ հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններին, որը Պարսից ծոցի ամենակարևոր առևտրային և զբոսաշրջային կենտրոնն է, քան Իսրայելին, որի հետ ներկայումս պատերազմի մեջ է:
Ըստ մոնիթորինգային ալիքների տվյալների՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի սկզբից ի վեր Իրանի՝ Պարսից ծոցի միապետությունների ուղղությամբ արձակած հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գրեթե 50%-ը թիրախավորել է ԱՄԷ-ն, այնուհետև՝ Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը։ Իսրայելն ընդամենը հինգերորդ տեղում է։
Փորձագետները կանխատեսում են, որ Թեհրանի ռազմավարությունը կարող է շրջվել հենց Իրանի դեմ և Պարսից ծոցի երկրներին ավելի մոտեցնել Վաշինգտոնին:
Պատերազմի սկզբից Պարսից ծոցի երկրները հրաժարվել են թույլ տալ Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց օդային և ցամաքային տարածքները՝ Իրանին հարվածելու համար: Սակայն, ըստ արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Պարսից ծոցի ռազմավարական նշանակություն ունեցող առևտրային օբյեկտների վրա Իրանի բազմիցս հարձակումները կարող են փոխել արաբական պետությունների վերաբերմունքը Թեհրանի նկատմամբ և նույնիսկ մեծացնել նրանց՝ պատերազմի մեջ մտնելու հավանականությունը: